Posted in Նախագծեր

Երբ մտքերը սառչում են օդում

(2-րդ մաս)

Մի օր Ծով Ա. Ցուլը Ա. Ֆրիկացի անունով մի սևամորթի տեսավ, որն իր կնոջ հետ նավակում նստած Օձ Ա. Ձկան համար երգ էր երգում: Օձ Ա. Ձուկը բերանը բաց լսում էր: Օձ Ա. Ձուկ, Օձ Ա. Ձուկ, Չկա քեզ պես Սիրուն ձուկ: Օձ Ա. Ձուկն այդ երգով հրապուրված՝ մի պահ մոտացել էր, որ Արևադարձ կոչվող երկրում մի բան ասում են, մի այլ բան մտածում: Նա մոտեցավ նավակին, իսկ Ա. Ֆրիկացին ճարպկորեն նետեց ուռկանն, ու մի ակնթարթում բռնեց Օձ Ա. Ձկանը: Քիչ անց Օձ Ա. Ձուկը արդեն տապակված էր ու խժռված: Ծով Ա. Ցուլը դա որ տեսավ, սարսափեց: Նա հեռացավ, մտածելով. «Ի՜նչ սարսափելի է, կեցցենք մենք՝ բևեռցիներս, որ ոչինչ չենք մտածում, իսկ եթե մտածում ենք՝ բոլորը կարող են տեսնել մեր մտածածը»: Բայց Ծով Ա. Ցուլն անմիջապես չվերադարձավ Բևեռ: Գուցե՞ ծուլությունն էր պատճառը. կամ էլ նրան դուր էր գալիս չկարդացվող մտքեր ունենալը: Այսպես, Ծով Ա. Ցուլը մնաց Արևադարձ կոչվող երկրում և ընտելացավ այդ

երկրի սովորություններին: Մտածելը անսպասելի պտուղներ տվեց: Ծով Ա. Ցուլը սկսեց շատ խորիմաստ բաներ մտածել, ասենք. «Ո՞վ ենք մենք: Որտեղի՞ց ենք գալիս: Ո՞ւր ենք գնում»: Ահա և պատասխանները. «Մենք ծովացուլեր ենք: Գալիս ենք բևեռից: Կանք, որովհետև մեզ ստեղծել է մի էակ, որը հսկայական ծովացուլի է նման: Վերջիվերջո կհեռանանք Արևադարձ կոչվող այս կեղծ երկրից և կվերադառնանք ազնիվ ու ճշմարիտ Բևեռ»: Ի վերջո Ծով Ա. Ցուլը ձանձրացավ մի բան մտածել, բայց ուրիշ բան անելուց և մի գեղեցիկ օր վերադարձավ Բևեռ: «Այո՜, չմտածել, անգործ ու անհոգ ապրել գոնե մի միլիոն տարի»,- երազում էր նա: Մի անգամ Բևեռում, իր հին սառցակտորին թիկնած, Ծով Ա. Ցուլն զգաց, որ մտածելն արդեն սովորություն է դարձել, և ինքը չի կարողանում չմտածել: Դժբախտաբար բոլոր մտքերն անմիջապես հայտնվում էին գլխավերևում՝ պսպղուն ու թափանցիկ սառցալուլաներով գրված: Խեղճ Ծով Ա. Ցուլի բարեկամներն սկսեցին նրանից փախչել: Նա էլ սկսեց վատ բաներ մտածել նրանց մասին: Այդ մտքերը վատ խոսքերով սառցալուլաներ դարձան… Շուտով Ծով Ա. Ցուլը մեն-մենակ մնաց իր սառցակտորի վրա: Այդ ժամանակներից շա՜տ-շա՜տ տարիներ են անցել: Բևեռում ջերմաստիճանը բարձրացել է: Մտքերն այլևս չեն սառչում և դարձել են անտեսանելի: Բայց Ծով Ա. Ցուլը դարձյալ մենակ է ապրում: Իր սառցակտորին պառկած՝ նա անվերջ մտածում է: Ի՞նչ է մտածում: Ի՞նչ իմանաս:

Հարցեր և առաջադրանքներ

1. Գտի՛ր տրված բառերի հոմանիշները:

սիրուն

ակնթարթ հսկա անմիջապես արև

2. Պատմի՛ր այս պատմության Ծով Ա. Ցուլի մասին:

ա. երբ նա Բևեռում էր ապրում

բ. երբ նա Արևադարձում էր ապրում

3. Ի՞նչ ես կարծում, լա՞վ է, երբ մարդիկ կարողանում են կարդալ քո մտքերը:

4. Ի՞նչ խորհուրդ կտաս՝

ա. Բևեռի բնակիչներին

բ. Արևադարձի բնակիչներին

5. Հորինի՛ր:

Միլիոն տարի մեզանից հետո

6. Գտի՛ր «կրկնվող» բառը:

Արևադարձ, արևայրուք, արևային, արևոտ, արևածաղիկ, արևածագ:

7. Գրի՛ր բառեր, որոնց մեջ ապրում է «և» տառը:

արև,

Posted in Նախագծեր

Երբ մտքերը սառչում են օդում

Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում* շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»: Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը: Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ: Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ* անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ* աչքերով վայելում էր ցուրտը: Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա՜»-ից: Հենց այդ «Բա՜»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի՞նչ էր ուզում ասել այդ «Բա՜»-ով՝ պարզ չէ: Հանկարծ ջրից դուրս ցցվեց Օձ Ա. Ձուկն* ու, պոչը խաղացնելով, կանչեց. -Հե՜յ, Ծով Ա. Ցուլ, լսիր ի՛նչ եմ ասում: -Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով. Ա. Ցուլը: — Ես մի երկրում եղա, որը կոչվում էր Արևադարձ*: Ա՜յ թե շոգ էր այնտեղ:

Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում: — Ի՞նչ ես ասում: -Հավատա: Ա՛յ, օրինակ՝ մեկը քեզ է նայում ու մտածում.«Բայց ի՜նչ հաստլիկ է այս Ծով Ա.Ցուլը, հա՜…» , իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի: -Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,-նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը: -Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բևեռից: Թե իմանաս, ին՜չ հաճելի է. մտածիր՝ ին՜չ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կու՜շտ մտածեցի: — Ի՞նչ էիր մտածում: — Տարբեր բաներ: — Օրինակ: -Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ՝ երկու անգամ երկու հավասար է հինգի: — Հա, բայց արևը կանաչ չէ: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի: — Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա: Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը: Օձ Ա.Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան: Լողացին, լողացին, ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի՜նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում: Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել. հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

-Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածու՞մ ես: — Իհարկե: — Իսկ ի՞նչ ես մտածում: — Հազար ու մի բան ու բոլորը քո մասին: — Ի՞նչ ես մտածում իմ մասին: — Է՜, չեմ ասի, ասեմ՝ կնեղանաս: Ծով Ա. Ցուլը տխրեց: Բևեռում ոչ ոք ոչ մեկի մասին չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում: Այստեղ բոլորն իրեն միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ իմաստուն* տեսք ունես, ի՜նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բևեռում լինեին, օդում սառցե տառերով գրված կլիներ. «Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի. Ա՜յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

Հարցեր և առաջադրանքներ

Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»:

1.Սուր սառցալուլաներով գրվող մի միտք հորինի՛ր ու գրի՛ր:

2. Փորձի՛ր բացատրել, թե ինչպես ես հասկանում՝

ա. գլուխներս առնենք-կորչենք — բ. կուշտ մտածել —

3. Գտի՛ր բառերի հականիշները:

ցուրտ –շոգ ցածր — վերև — ջուր — տխրել — անտեսանելի — մտածել — հիմար — առջև — համարձակ — պարզ — սառը —

4. Ըստ այս պատմության ինչպիսի՞ն էր Բևեռը միլիոն տարի առաջ:

5. Իսկ Արևադարձը ինչպիսի՞ն էր միլիոն տարի առաջ:

6. Քո կարծիքով ի՞նչ է միտքը:

7. Ի՞նչ կլիներ, եթե մարդիկ մոռանային մտածել:

8. Նշի՛ր «կրկնվող» բառը:

Ծովացուլ, ծովային, ծովափ, ծովեզր, ծովախոզուկ, ծովափիղ, ծովակ:

9. Ամեն անգամ նախորդ բառի մի տառը փոխելով՝ ստացի՛ր.

ծով-ից հավ

10. Հորինի՛ր:

Սառնարանում ապրող մտքերը

Posted in Նախագծեր

Բոլոր հրաշալի սխալները Վիլյամ Սարոյան (հատված)

Յուլիսիս Մաքոլին և աշխարհում նրա լավագույն ընկերը՝ Լայոնել Քեբոտը՝ Մեծն Լայոնելը, մտան Մաքոլիների խոհանոցը։ Բոլորովին չպետք է կասկածել այս բարեկամության վրա, թեև Լայոնելը ամբողջ վեց տարով Յուլիսիսից մեծ է։ Նրանք միասին էին ման գալիս և միշտ իրար հետ էին լինում, ինչպես անում են լավագույն բարեկամները՝ այսինքն հանգիստ ու անհոգ, առանց նույնիսկ իրար հետ խոսելու կարիք զգալու։

— Միսիս Մաքոլի,— ասաց Լայոնելը,— ես եկա հարցնելու՝ կարո՞ղ է Յուլիսիսը ինձ հետ հանրային գրադարան գալ։ Քրոջս՝ Լիլիանի գիրքը պետք է փոխեմ։

— Շատ լավ, Լայոնել,— ասաց միսիս Մաքոլին,— բայց ինչո՞ւ դու մյուսների հետ չես, ինչո՞ւ Օգիի, Ալֆի, Շեկի և մյուս տղաների հետ չես խաղում։

— Նրանք,— սկսեց Լայոնելը և հանկարծ կանգ առավ շփոթված ու ամոթահար։ Մի րոպե հետո նա նորից սկսեց։— Նրանք ինձ վռնդեցին,— ասաց նա,— նրանք ինձ չեն սիրում, որովհետև ես հիմար եմ։— Նա նորից լռեց և նայեց իր լավագույն ընկերոջ մորը։— Ես հիմար չեմ, չէ՞, միսիս Մաքոլի։

— Ոչ, Լայոնել, դու հիմար չես,— ասաց միսիս Մաքոլին,— դու մեր թաղի ամենալավ տղան ես։ Բայց մի նեղացիր մյուս տղաներից, որովհետև նրանք նույնպես հրաշալի տղաներ են։

— Չեմ նեղանում,— ասաց Լայոնելը,— ես նրանց բոլորին էլ սիրում եմ։ Սակայն ամեն անգամ, երբ խաղի ընթացքում մի փոքր սխալ եմ անում, նրանք ինձ վռնդում են, նրանք ինձ նույնիսկ հայհոյում են, միսիս Մաքոլի։ Անգամ իմ ամենափոքր սխալի համար նրանք բարկանամ են վրաս։ «Բավական է, Լայոնել», ասում են նրանք։ Եվ հենց որ այդպես են ասում, ես հասկանում եմ, որ իմ հեռանալու ժամանակն է։ Երբեմն ես նույնիսկ հինգ րոպե չեմ դիմանում։ Երբեմն ես սխալ եմ թույլ տալիս խաղի հենց սկզբից։ Եվ նրանք անմիջապես ասում են. «Հերիք է, Լայոնել»։ Ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչ սխալ եմ արել, ի՞նչ պետք է անեմ։ Ես ուզում եմ իմանալ իմ սխալը, բայց ոչ ոք ինձ չի բացատրում։ Ամեն շաբաթ նրանք ինձ վռնդում են։ Յուլիսիսը միակն է, որ չի լքում ինձ։ Իմ միակ խաղընկերը նա է։ Բայց մի օր նրանք պիտի զղջան։ Կգա ժամանակ, երբ նրանք ինձ մոտ կգան, որ օգնեմ իրենց, այո, միսիս Մաքոլի, ես անպայման պիտի օգնեմ նրանց, և այդ ժամանակ նրանք պիտի զղջան, որ միշտ վռնդել են ինձ։ Մի քիչ ջուր կտա՞ք։

— Խնդրեմ, Լայոնել,— ասաց միսիս Մաքոլին և տղային մի բաժակ ջուր տվեց, որը նա ագահորեն խմեց։ Խմելիս նա այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։

Լայոնելը դարձավ ընկերոջը։

— Դու ջուր չե՞ս ուզում, Յուլիսիս,— հարցրեց նա։

Յուլիսիսը գլխով արեց, և միսիս Մաքոլին մի բաժակ էլ նրան տվեց։ Երբ նա խմեց ջուրը, Լայոնելն ասաց.

— Այժմ կարո՞ղ ենք հանրային գրադարան գնալ, միսիս Մաքոլի։

Երկու ընկերները տնից դուրս եկան։

Հարցեր և առաջադրանքներ

1. Քո կարծիքով ինչո՞ւ էին Յուլիսիս Մաքոլին և Լայոնել Քեբոտը աշխարհի լավագույն ընկերները:

2. Ի՞նչ է սխալը: Ինչպիսի՞ սխալներ են լինում:

3. Ի՞նչ էր պատրաստվում անել Լայոնել Քեբոտը, որպեսզի իրեն խաղից վռնդող ու նեղացնող տղաները զղջան:

4. Փորձի՛ր բացատրել այս հատվածը:

Լայոնելը խմելիս այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։

5. Ի՞նչ սխալ ես թույլ տվել, որի համար զղջացել ես:

Posted in Նախագծեր

Փոքր Մհեր

Տարին երեք անգամ

Մհերի քարի դուռը կըբացվի, Մեկ անգամ՝ Զատկին

Մեկ անգամ՝ Վարդևորին

Մեկ անգամ էլ Համբարձման գիշեր։

Քար որ կաբացվի,

Մհեր դուրս կէլնի,

Մեկ ժամ կէրթա,

Մեկ ժամ կդառնա։

Մեկ ժամին քառսուն օրվա ճամփա կէրթա,

Քառսուն օր վեր քարերուն կէրթա,

Ինչ հողի վրեն ընկնի,  ձին կըխընդկի,

Էդ վախտ Մհեր ախ կըքաշի, կըդառնա։

 

***

Կասեն մեկ օր, Զատկի առավոտ

Մի աման հավկիթ ներկած,

Մեր կտա աղջկա ձեռ,

Թե՝ «Տար մեր քավորի տուն

Քավորին հավ–ճիվ չկա»։

Աղջիկ հավկիթ կառնի, կէրթա։

 

***

Էդ վախտ Ագռավու քար կբացվի,

Մհեր քարից  դուրս կէլնի,

Որ պըտըտի աշխարհք,

Աղջիկ կտեսնի, կկայնի, կասի,

–Աղջիկ ջան, էդ ի՞նչ կըտանես։

Աղջիկ կասի, –էդ հավկիթ է ներկած։

–Բա ո՞ւր կտանես։

Կըտանեմ մեր քավորի տուն։

Մհեր կասի– Դե․ ձեր քավոր ես եմ;
Բե՛ր,  աղջիկ
 ջան, բե՛ր ինձ տուր։

Աղջիկ ամանով հավկիթ կտա Մհերին,

Մհեր կտանի հավկիթ կըդադարկի,

Մեկ բուռ ոսկի կըլցնի ամանի մեջ, կասի

–Էս էլ տուր սանամոր խալաթ։

 

***

Աղջիկ կառնի, ուրախ–ուրախ գըկա։

Իրա մամ կասի․

Աղջիկ էդ ո՞ւր տարար էդպես շուտ։

–Ա՜յ մամ տարա քավորի տուն, էկա

Տարեր է, չեմ գիտի ում է տվե,

Ամանը ոսկով լի դարձեր է,

Քավոր մեզնից բեթար աղքատ է

Էդ ոսկիք ո՞վ է ճամփե։

 

***

–Աղջիկ ջան, –կասի հեր,-

Դու էդ ոսկին, որ բերիր,

Հիմի էդ տեղ գիտես դո՞ւ։

–Գիտեմ, ընչի չգիտեմ,-կասի աղջիկ,-

Այ, էնտեղ մի քար կա, էնտեղ է,

Արիր էրթանք, շանց տամ։

Հեր կասի, –Հլա էրթանք, տեսնանք։

 

***

Աղջիկ, հեր, մեր կէլնեն, կէրթան,

Կէրթան կհասնեն Ագռավու քար։

Աղջիկ կասի, –Մեր քավոր էս քար դուռ կայնուկ էր,

Հավկիթ ամանով առավ,

Կես կերավ, կճեպներ հլա ընկած են,

Ներս մտավ, կես դատարկեց,

Ոսկի լցրեց, տվեց  ինձ ասաց․

«Էս էլ տար մեր սանամոր խալաթ»,

Ու ինք ներս մտավ քարի մեջ։

 

***

Կասեն, Մհեր, իր ձին  մեջ են քարին,

Դեռ կենդանի են կայնուկ։

Ուրբաթե–ուրբաթ, կասեն ,

Ջուր կըգա, կաթի էդ քարեն,

Էդ քարի առջև կըթացվի,

Էդ Մհերի ձիու ջուրն է։

Քարի մոտեն նցնող ամեն ճամփորդ,

Ամեն ուրբաթ օր

Կլսի Քուռկիկ Ջալալու խրխնջոց։

Posted in Նախագծեր

Տարին երեք անգամ Մհերի քարի դուռը կըբացվի, Մեկ անգամ՝ Զատկին Մեկ անգամ՝ Վարդևորին Մեկ անգամ էլ Համբարձման գիշեր։ Քար որ կաբացվի, Մհեր դուրս կէլնի, Մեկ ժամ կէրթա, Մեկ ժամ կդառնա։ Մեկ ժամին քառսուն օրվա ճամփա կէրթա, Քառսուն օր վեր քարերուն կէրթա, Ինչ հողի վրեն ընկնի, ձին կըխընդկի, Էդ վախտ Մհեր ախ կըքաշի, կըդառնա։