(2-րդ մաս)
Մի օր Ծով Ա. Ցուլը Ա. Ֆրիկացի անունով մի սևամորթի տեսավ, որն իր կնոջ հետ նավակում նստած Օձ Ա. Ձկան համար երգ էր երգում: Օձ Ա. Ձուկը բերանը բաց լսում էր: Օձ Ա. Ձուկ, Օձ Ա. Ձուկ, Չկա քեզ պես Սիրուն ձուկ: Օձ Ա. Ձուկն այդ երգով հրապուրված՝ մի պահ մոտացել էր, որ Արևադարձ կոչվող երկրում մի բան ասում են, մի այլ բան մտածում: Նա մոտեցավ նավակին, իսկ Ա. Ֆրիկացին ճարպկորեն նետեց ուռկանն, ու մի ակնթարթում բռնեց Օձ Ա. Ձկանը: Քիչ անց Օձ Ա. Ձուկը արդեն տապակված էր ու խժռված: Ծով Ա. Ցուլը դա որ տեսավ, սարսափեց: Նա հեռացավ, մտածելով. «Ի՜նչ սարսափելի է, կեցցենք մենք՝ բևեռցիներս, որ ոչինչ չենք մտածում, իսկ եթե մտածում ենք՝ բոլորը կարող են տեսնել մեր մտածածը»: Բայց Ծով Ա. Ցուլն անմիջապես չվերադարձավ Բևեռ: Գուցե՞ ծուլությունն էր պատճառը. կամ էլ նրան դուր էր գալիս չկարդացվող մտքեր ունենալը: Այսպես, Ծով Ա. Ցուլը մնաց Արևադարձ կոչվող երկրում և ընտելացավ այդ
երկրի սովորություններին: Մտածելը անսպասելի պտուղներ տվեց: Ծով Ա. Ցուլը սկսեց շատ խորիմաստ բաներ մտածել, ասենք. «Ո՞վ ենք մենք: Որտեղի՞ց ենք գալիս: Ո՞ւր ենք գնում»: Ահա և պատասխանները. «Մենք ծովացուլեր ենք: Գալիս ենք բևեռից: Կանք, որովհետև մեզ ստեղծել է մի էակ, որը հսկայական ծովացուլի է նման: Վերջիվերջո կհեռանանք Արևադարձ կոչվող այս կեղծ երկրից և կվերադառնանք ազնիվ ու ճշմարիտ Բևեռ»: Ի վերջո Ծով Ա. Ցուլը ձանձրացավ մի բան մտածել, բայց ուրիշ բան անելուց և մի գեղեցիկ օր վերադարձավ Բևեռ: «Այո՜, չմտածել, անգործ ու անհոգ ապրել գոնե մի միլիոն տարի»,- երազում էր նա: Մի անգամ Բևեռում, իր հին սառցակտորին թիկնած, Ծով Ա. Ցուլն զգաց, որ մտածելն արդեն սովորություն է դարձել, և ինքը չի կարողանում չմտածել: Դժբախտաբար բոլոր մտքերն անմիջապես հայտնվում էին գլխավերևում՝ պսպղուն ու թափանցիկ սառցալուլաներով գրված: Խեղճ Ծով Ա. Ցուլի բարեկամներն սկսեցին նրանից փախչել: Նա էլ սկսեց վատ բաներ մտածել նրանց մասին: Այդ մտքերը վատ խոսքերով սառցալուլաներ դարձան… Շուտով Ծով Ա. Ցուլը մեն-մենակ մնաց իր սառցակտորի վրա: Այդ ժամանակներից շա՜տ-շա՜տ տարիներ են անցել: Բևեռում ջերմաստիճանը բարձրացել է: Մտքերն այլևս չեն սառչում և դարձել են անտեսանելի: Բայց Ծով Ա. Ցուլը դարձյալ մենակ է ապրում: Իր սառցակտորին պառկած՝ նա անվերջ մտածում է: Ի՞նչ է մտածում: Ի՞նչ իմանաս:
Հարցեր և առաջադրանքներ
1. Գտի՛ր տրված բառերի հոմանիշները:
սիրուն
ակնթարթ հսկա անմիջապես արև
2. Պատմի՛ր այս պատմության Ծով Ա. Ցուլի մասին:
ա. երբ նա Բևեռում էր ապրում
բ. երբ նա Արևադարձում էր ապրում
3. Ի՞նչ ես կարծում, լա՞վ է, երբ մարդիկ կարողանում են կարդալ քո մտքերը:
4. Ի՞նչ խորհուրդ կտաս՝
ա. Բևեռի բնակիչներին
բ. Արևադարձի բնակիչներին
5. Հորինի՛ր:
Միլիոն տարի մեզանից հետո
6. Գտի՛ր «կրկնվող» բառը:
Արևադարձ, արևայրուք, արևային, արևոտ, արևածաղիկ, արևածագ:
7. Գրի՛ր բառեր, որոնց մեջ ապրում է «և» տառը:
արև,