1. Աբեղայական վկայագիրը
Լուսանկարը` Մեդիամաքս
Հոգեւորականի ուղին 12-ամյա Սողոմոն Սողոմոնյանի առաջ բացվում է 1881թ.-ին։ Գեւորգ վարդապետ Դերձակյանը Գեւորգ Դ Կաթողիկոսի կարգադրությամբ Քյոթահիայից իր հետ ճեմարանի ապագա սան է բերում: Որբ Սողոմոնը, որ հայերեն չգիտեր, Կաթողիկոսի խոսքից ոչինչ չի հասկանում: Հիասթափված Կաթողիկոսը պատրաստվում է նրան հետ ուղարկել, երբ տղան ասում է, որ եկել է սովորելու ու սկսում է իր հրաշալի ձայնով երգել «Լույս Զվարթ»-ը: Կաթողիկոսը չի կարողանում զսպել արցունքները:
Գեւորգյան ճեմարանն ավարտելուց եւ սարկավագ ձեռնադրվելուց հետո Սողոմոնը աբեղա է դառնում 1894թ.-ին: Սողոմոն Սողոմոնյանը օծվում է 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունով: Մեկ տարի անց Կոմիտասը վարդապետական աստիճան է ստանում:
2. Բեռլինի համալսարանի եւ կոնսերվատորիայի վկայականները
Լուսանկարը` Մեդիամաքս
1896-99թթ.Կոմիտասը սովորել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմի անվան համալսարանում: Այստեղ Վարդապետն ուսումնասիրել է ներդաշնակագիտություն, կոմպոզիցիա, մշակել է ձայնը:
Այս տարիներին Կոմիտասը սովորել է նաեւ Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում՝ Ալեքսանդր Մանթաշյանի մեկենասությամբ: Վկայականը Շմիդտի կնիքով եւ ստորագրությամբ է: Փաստում է այն մասին, որ Կոմիտասն ավարտել է տեսական եւ գործնական ամբողջ դասընթացը: Այս հայտնի երաժշտանոցը նոբելյան 30 մրցանակակիր է տվել:
3. Գերմաներենով եւ թուրքերենով խմբերգերը
Լուսանկարը` Մեդիամաքս
Գերմաներենով գրված խմբերգը Աստվածաշնչյան «Առ գետս բաբելացվոց» սաղմոսի հիման վրա է: Սա Կոմիտասի դիպլոմային աշխատանքն է եղել եւ գրվել է 1899թ.-ին: Նա ստեղծագործելիս հատուկ ուշադրություն է դարձրել լեզվի շեշտադրության, ռիթմի վրա:
Թուրքերենով խմբերգը կոչվում է «Ես երկաթ եմ»: Կոմիտասը կապ է ունեցել թուրք մտավորականների հետ, մասնավոր դասեր է տվել նրանց: Այս մտավորականներից մեկն էլ Մեհմեդ Էմինն էր, ում ստեղծագործության հիման վրա էլ գրվել է խմբերգը:
Մեհմեդ Էմինը հետագայում մեծ դերակատարություն է ունեցել Կոմիտասի՝ աքսորից վերադարձման հարցում, երբ 1915թ.ապրիլի Օսմանյան կառավարությունը 600 հայ մտավորականների աքսորեց Անատոլիայի խորքերը: Կոմիտասի հռչակը նպաստում է, որպեսզի գրեթե երկու շաբաթ անց, ազդեցիկ մարդկանց գրած նամակների շնորհիվ նրան հետ վերադարձնեն: Այդ ընթացքում Կոմիտասը տեսել էր, թե ինչպես են թուրքերը գազանաբար սպանում հայերին, ինչն էլ անհետեւանք չի մնում Կոմիտասի ներաշխարհի վրա, եւ Վարդապետը դառնում է ինքնամփոփ: Դա առիթ տվեց կարծելու, որ նա խելագարվել է:
4. Գորգը, սափորն ու Թերլեմ
Գորգը եղել է դեռ Կոմիտասի ծննդից շատ առաջ: Այն Կոմիտասի մայրը՝ Թագուհին է հայրական տնից օժիտ բերել: Կոմիտասը մորը կորցրել է, երբ ընդամենը 6 ամսական էր:
Սափորը խորհրդանշում է Կոմիտասի ծննդավայրը՝ Քյոթահիան: Սափորի պատրաստման այս եղանակը Նախիջեւանի Գողթն գավառի Ցղնա գյուղից իրենց հետ բերել են Կոմիտասի նախնիները:
Սափորի հետ կապված մի պատմություն կա, համաձայն որի՝ 1881թ.-ին Գեւորգ վարդապետ Դերձակյանի հետ Էջմիածին գնալու ճանապարհին կանգ են առնում Էսքեշեհիրում՝ Թորոս Ավդալյանի տանը: Ավդալյանը խնդրում է թույլ տալ, որպեսզի ինքը հոգա Սողոմոնի ճանապարհածախսը: 1913թ. Կոմիտասը կրկին Էսքեշեհիրում էր. այցելում է Ավդալյանին եւ, որպես երախտիքի նշան, նրան է նվիրում սափորը: Ավդալյանն էլ Կոմիտասին խնդրում է, որ այն փոխանցի Փարիզում ապրող իր որդուն՝ Հովնաթանին: Սափորը Փարիզից հասնում է Գրականության եւ արվեստի թանգարան, այնտեղից էլ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ:
Փանոս Թերլեմեզյանի արած կտավում Կոմիտասը նստած է մոր գորգի վրա, կողքին սափորն է դրված: Կոմիտասը նկարում ընթերցում է: Այս աշխատանքն արվել է 1913թ.-ին: Երկու ընկեր՝ Կոմիտասն ու Թերլեմեզյանը Կոմիտասի ծննդավայրում՝ Քյոթահիա գյուղում էին եւ մնում էին վարձած վրանում: Այստեղ Կոմիտասը թուրքական երգեր էր նոտագրում: Կարծիք կա, որ սա այն եզակի նկարներից է, որի համար Կոմիտասը բնորդ է եղել:
5. Սրինգները
Լուսանկարը` Մեդիամաքս
Եղեգնից, մետաղից եւ ծիրանի փայտից սրինգները պատկանել են Կոմիտաս վարդապետին: Փարիզում դասախոսության ժամանակ այս սրինգներից մեկով է Կոմիտասը նվագում, որի ընթացքում ողջ լսարանը քարանում է: Ոչ ոք չի ծափահարում, եւ Կոմիտասն էլ կարծում է, որ ելույթն անհաջող է ստացվել: Քիչ անց դահլիճը թնդում է ծափահարություններից, որից հետո ֆրանսիացի նշանավոր երգահան, երաժշտական քննադատ Կլոդ Դեբյուսին հուզված մոտենում է Կոմիտասին, ծունկի գալիս, համբուրում հագուստի քղանցքն ու ասում. «Խոնարհվում եմ Ձեր երաժշտական հանճարի առջեւ»:
«Եթե Կոմիտասը գրեր միայն «Անտունին», այդ էլ բավական կլիներ նրան խոշոր արվեստագետ համարելու»,- ասել է Կլոդ Դեբյուսին:
6. Արծաթյա գրչակալն ու բանահավաքչական տետրերը
Լուսանկարը` Մեդիամաքս
Բյուրեղապակյա թանաքամանով արծաթյա գրչակալը Կոմիտասին նվիրել են երկրպագուները՝ 1908թ. Բաքվում համերգներից մեկի ժամանակ: Գրչամանի վրա գրված է. «Հայ ժողովրդական երգերին հոգի տվող խոսուն երաժշտագետ Հայր Կոմիտասի վարդապետին՝ նրա գեղարվեստական տաղանդը գնահատողներից»:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտին իրը նվիրաբերել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ թանգարանի բացման ժամանակ: Սա թանգարանին առաջին նվիրատվությունն է:
Թանգարան-ինստիտուտում պահվում են կոմպոզիտորի բանահավաքչական տետրերը: Դրանց վրա առաջին հայացքից օտար լեզվով գրված տառեր են: Շատերն են հարցնում՝ արաբերե՞ն է, պարսկերե՞ն: Իրականում դա հայկական նոր նոտագրությունն է՝ Լիմոնճյան սիստեմը: Այն ստեղծել է Համբարձում Լիմոնճյանը՝ 1813թ.-ին: Ընկերներից մեկը Կոմիտասին հարցնում է, թե ինչու է հայկական նոտագրությունն օգտագործում, չէ՞ որ Եվրոպայում է սովորել, գիտե եվրոպական նոտագրությունը: Կոմիտասը պատասխանում է, որ հայկականն ավելի պրակտիկ է ու հեշտ կիրառելի:
7. Նամակը
Լուսանկարը` Մեդիամաքս
Նամակը Կոմիտասը 1906թ. գրել է երգչուհի, դաշնակահարուհի Մարգարիտ Բաբայանին: Նրա ընտանիքին վարդապետը ծանոթ է եղել դեռեւս Թիֆլիսում՝ Մակար Եկմալյանի մոտ մասնավոր դասեր առնելու ժամանակներից:
Մարգարիտ Բաբայանին ուղղված բազմաթիվ նամակներից այս մեկն ամփոփում է Կոմիտասի հուզումներն ու ապրումները, մտորումները: Այս նամակի միջոցով բացահայտվում է Կոմիտաս բանաստեղծը եւ գծանկարիչը: Նամակում խոսքն ավելի պատկերավոր դարձնելու համար Վարդապետը Մարգարիտին է նվիրում իր գրած «Պստիկ Մոծակ» բանաստեղծությունը: Նամակի վերջում Կոմիտասը գծանկար է արել, որում մի քանի դեմքեր են: Ասում են, որ ընդհանուր նկարում Կոմիտասը մոծակ է պատկերել:
Նամակում Վարդապետը գրել է. «Ներսս կկարդաք ներսի թղթերի մեջ, դուրսս՝ դրսի»: