Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում* շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»: Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը: Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ: Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ* անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ* աչքերով վայելում էր ցուրտը: Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա՜»-ից: Հենց այդ «Բա՜»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի՞նչ էր ուզում ասել այդ «Բա՜»-ով՝ պարզ չէ: Հանկարծ ջրից դուրս ցցվեց Օձ Ա. Ձուկն* ու, պոչը խաղացնելով, կանչեց. -Հե՜յ, Ծով Ա. Ցուլ, լսիր ի՛նչ եմ ասում: -Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով. Ա. Ցուլը: — Ես մի երկրում եղա, որը կոչվում էր Արևադարձ*: Ա՜յ թե շոգ էր այնտեղ:
Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում: — Ի՞նչ ես ասում: -Հավատա: Ա՛յ, օրինակ՝ մեկը քեզ է նայում ու մտածում.«Բայց ի՜նչ հաստլիկ է այս Ծով Ա.Ցուլը, հա՜…» , իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի: -Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,-նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը: -Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բևեռից: Թե իմանաս, ին՜չ հաճելի է. մտածիր՝ ին՜չ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կու՜շտ մտածեցի: — Ի՞նչ էիր մտածում: — Տարբեր բաներ: — Օրինակ: -Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ՝ երկու անգամ երկու հավասար է հինգի: — Հա, բայց արևը կանաչ չէ: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի: — Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա: Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը: Օձ Ա.Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան: Լողացին, լողացին, ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի՜նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում: Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել. հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.
-Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածու՞մ ես: — Իհարկե: — Իսկ ի՞նչ ես մտածում: — Հազար ու մի բան ու բոլորը քո մասին: — Ի՞նչ ես մտածում իմ մասին: — Է՜, չեմ ասի, ասեմ՝ կնեղանաս: Ծով Ա. Ցուլը տխրեց: Բևեռում ոչ ոք ոչ մեկի մասին չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում: Այստեղ բոլորն իրեն միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ իմաստուն* տեսք ունես, ի՜նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բևեռում լինեին, օդում սառցե տառերով գրված կլիներ. «Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի. Ա՜յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:
Հարցեր և առաջադրանքներ
Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»:
1.Սուր սառցալուլաներով գրվող մի միտք հորինի՛ր ու գրի՛ր:
2. Փորձի՛ր բացատրել, թե ինչպես ես հասկանում՝
ա. գլուխներս առնենք-կորչենք — բ. կուշտ մտածել —
3. Գտի՛ր բառերի հականիշները:
ցուրտ –շոգ ցածր — վերև — ջուր — տխրել — անտեսանելի — մտածել — հիմար — առջև — համարձակ — պարզ — սառը —
4. Ըստ այս պատմության ինչպիսի՞ն էր Բևեռը միլիոն տարի առաջ:
5. Իսկ Արևադարձը ինչպիսի՞ն էր միլիոն տարի առաջ:
6. Քո կարծիքով ի՞նչ է միտքը:
7. Ի՞նչ կլիներ, եթե մարդիկ մոռանային մտածել:
8. Նշի՛ր «կրկնվող» բառը:
Ծովացուլ, ծովային, ծովափ, ծովեզր, ծովախոզուկ, ծովափիղ, ծովակ:
9. Ամեն անգամ նախորդ բառի մի տառը փոխելով՝ ստացի՛ր.
ծով-ից հավ
10. Հորինի՛ր:
Սառնարանում ապրող մտքերը